«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ՝ «Շալկե»-ի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է , որ ինքը գոհ է թիմի մարզավիճակից, և գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:
«Ուեյն Ռունին վերջին երկու ամիսներին հրաշալի մարզավիճակ է ձեռք բերել, սակայն ավելի կարևոր է, որ ընդհանուր թիմն ավելի թարմ տեսք ունի. վնասվածքներից ապաքինվել են Վալենսիան, Ֆերդինանդը, Անդերսոնն ու Պակը:
Կարծում եմ, իմ խաղացողները եվրոգավաթներին մասնակցելու բավարար փորձ ունեն: Այստեղ մեզնից առավելագույնն են պահանջում: Մենք էլ խանդով ենք նայում այնպիսի թիմերին, ինչպիսիք են «Ռեալ»-ը, «Միլան»-ը, «Բավարիա»-ն, «Այաքս»-ը և «Լիվերպուլ»-ը. նրանք մեզանից շատ են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում: «Ինտեր»-ի հետ խաղերում «Շալկե»-ն անընդհատ նախաձեռնողի դերում էր, ինչը հարգանքի արժանի է: Խաղը դիտելու ժամանակ իմ մեջ ոչ մի անգամ կասկած չառաջացավ, որ «Շալկե»-ն կարող է պարտվել: Ինձ վրա այդ թիմը հրաշալի տպավորություն է թողել»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:










































