ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 23-ին անցկացրել է գործնական պարապմունք, որի ընթացքում քննարկվել են անչափահասների հետ տարվող աշխատանքի արդի մոտեցումները, դպրոցական տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունքներն ու գործունեությունը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ընթացքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բարձր գնահատելով Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատանքը անչափահասների շրջանում ծավալուն կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների իրականացման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաև դեռահասների հետ օպերատիվ աշխատանքի ակտիվության բարձրացման անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը պարապմունքի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել «Տեսուչը դպրոցում» ծրագրի իրականացման ընթացք ի վրա՝ նկատելով, որ ժամանակին այդ ծրագրին կասկածողներն ու չարախոսողները այսօր առաջարկում են ավագ դպրոցի փորձը տարածել նաև մյուս կրթական հաստատությունների վրա: «Մենք, սակայն, պետք է ավելի առաջ գնանք: Անչափահասների գծով տեսուչը պետք է աշխատի ընտանիքների, շրջապատի, դեռահասների արտադպրոցական միջավայրի հետ՝ նպատակ ունենալով հենց այդ տարիքից բացառել բոլոր հանցամիտ գայթակղություններն ու շեղումները»,-ընդգծել է ոստիկանության պետը:
Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մանրամասնել է գործնական պարապմունքի օրակարգով նախատեսված խնդիրները, որոնց քննարկման արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ: