Հանրապետության տարածքն օգոստոսի 18-20-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչության ը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 19-ին նույնքանով կբարձրանա, 21-22-ին կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 7-8 աստիճանով:
Երևանում օգոստոսի 18-ին, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, օգոստոսի 19-20-ին` +40, օգոստոսի 21-ին` +37, օգոստոսի 22-ին` +35 աստիճան:









































