Ուկրաինայում այսօր մեկնարկում են Saber Guardian/Rapid Trident-2015 բազմաֆունկցիոնալ զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 31-ը։ Զորավարժությունները կանցկացվեն Ուկրաինայի արևմտյան Լվով մարզի Յավորովի զորակայանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնել է եվրոպական ինտեգրման հարցերով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Դոլգովը՝ զորավարժություններին ամենից շատ զինվորականներ կմասնակցեն ԱՄՆ-ից, իրենց մասնակցությունն են հաստատել մարտական ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի ևս 5 երկրներից (Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Լիտվա) և Վրաստանից։ Ուկրաինական կողմից զորավարժություններին կմասնակցեն մոտ 800 զինծառայողներ, մոտավորապես նույնքան զինվորականներ կլինեն այլ երկրներից։
Զորավարժություններն ուղղված են Ուկրաինայի և այլ երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության մշակմանն ու ուժեղացմանը։









































