Wednesday, 29 05 2024
Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Գամբարը, Քերիմլին եւ Ալիեւը
Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով. ՔԿ
Հիփոթեքային վարկեր, ավտովարկեր տրվում են արտարժույթի պատրվակով․ չարաշահումներ են․ ԿԲ նախագահ
Կապիտալ ծախսերն աճել են 27 %-ով․ խրոնիկ թերակատարումը հաղթահարված է․ Վահե Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
ՊԵԿ օպերլիազորները կաշառք են վերցրել ու միմյանց միջև բաժանել
Տեռորիստական նկրտումներ ունի այս խմբակը․ նժարին դրված է ՀՀ պետականությունը
15:45
Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա. Yonhap
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 39 %-ով․ Վահե Հովհաննիսյան
15:32
Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում
15:15
ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը
Պուտինը «կոլորի՞ Ալիեւի վիզը»
Իսրայելն ամբողջությամբ անջատել է կապն ու ինտերնետը Ռաֆաhում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Արարողակարգային միջոցառում է եղել Սարդարապատում, դրա համար այդ պահին թույլ չեն տվել Վեհափառի մուտքը
14:30
Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության երկկողմ համագործակցության համաձայնագիր է ստորագրել
14:15
«Վրաստանի իշխանությունն անտեսում է վրացիների բացարձակ մեծամասնության կամքը». Գերմանիայի ԱԳ նախարար
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երեք փաստ, որ կեղծել է Վիտալի Բալասանյանը
Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան․ Փաշինյանը՝ Գալստանյանի հետ հանդիպման մասին
Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան․ Փաշինյանը՝ Գալստանյանի հետ հանդիպման մասին
Նպատակը՝ զոհվածների մայրերին սփոփելն է․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջոցառման մասին
Եկեղեցու դեմ արշավ չի եղել ու չկա. եթե տեսնում եք, ապա դա պետք է տեսնենք ուրիշ տեղ․ Փաշինյան
Մի շարք բնակավայրերում վերականգնվել է Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը (ՑԱՆԿ)

Աբովյանում հարբեցող եղբայրն իր կնոջ հետ թրաֆիքինգի է ենթարկել մուրացկան քրոջն ու նրա 2 երեխաներին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց 38-ամյա Արամ Ներսիսյանի և նրա կնոջ՝ 40-ամյա Անահիտ Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ Աղավնի Ն.-ն մինչև 2008 թվականը իր ընտանիքով՝ ամուսնու և 1999, 2001, 2002, 2008 թվականներին ծնված երեխաների հետ բնակվել է իր ծնողներից ժառանգած բնակարանում, իսկ 2008 թվականից հետո՝ շենքին կից տեղակայված տնակում:

Ընտանիքն ապրել է վատ պայմաններում: Ընտանիքի հայրը համարյա չի վաստակել, Աղավնին զբաղվել է բանջարեղենի առևտրով, աղբանոցներից հավաքած շշեր իրացնելով, Աբովյանի ու Երևանի մարդաշատ վայրերում տարիներ շարունակ մուրացականությամբ գումարներ հավաքելով:

Նա մուրացկանության մեջ ներգրավել է նաև իր անչափահաս երեխաներին: 1999 թվականին ծնված որդին՝ Ի.-ն և 2002 թվականին ծնված դուստրը՝ Ռ.-ն կարողացել են ինքնուրույն մուրացականություն անել Երևանում:

Երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու, աշխատանքային շահագործման ենթարկելու համար Աղավնին վերջերս դատապարտվել է, ենթարկվել է պայմանական դատապարտության:

Աղավնիի կրտսեր եղբայր Արամ Ներսիսյանը, ըստ դատական ակտի, հակում ունի ալկոհոլի նկատմամբ, նրա մոտ առկա են ալկոհոլի գործածման հետևանքով առաջացած հոգեկան ու վարքային խանգարումներ: Արամը 1998 թվականից մինչև 2008 թվականը կնոջ՝ Անահիտի ու երեխաների հետ ապրել է Ռուսաստանում:

Այնուհետև նա ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, մի քանի ամիս բնակվել ծնողներից ժառանգած բնակարանում՝ Աբովյանում: Բնակարանի վաճառքից հետո Արամի ընտանիքը, ինչպես Աղավնիի ընտանիքը, բնակություն է հաստատել շենքի հարևանությամբ տեղակայված մեկ այլ տնակում:

Քրոջ ընտանիքի նկատմամբ Արամը «տաղտկալի վերաբերմունքի և վիճաբանությունների արդյունքում հաստատել է անհաղթահարելի ազդեցության ու վախի մթնոլորտ»՝ ըստ դատական ակտի:

Արամը ծնողների բնակարանը 15 հազար դոլարով վաճառելու նպատակով 2008 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերել մի գնորդուհու հետ, բնակարանը սեփականաշնորհելու և անձնական կարիքների համար նրանից մաս-մաս ստացել է 7 հազար դոլար: Բնակարանի սեփականաշնորհման ձգձգման պատճառով կողմերի պայմանավորվածությունը չեղյալ է համարվել, բայց վերցրած ամբողջ գումարը Արամը գնորդուհուն վերադարձնել չի կարողացել:

Ըստ դատական ակտի՝ «մնացած պարտքը մարելու համար Արամ Ներսիսյանը, օգտագործելով քրոջ հանդեպ ունեցած իր արդեն բացահայտված ազդեցությունը, կնոջ՝ Անահիտի հետ նախնական համաձայնությամբ Աղավնիին, նրա կամքին հակառակ, ստիպել է, որ մուրացկանությամբ հավաքած գումարներից Աղավնին իրենց տա օրական 2-3 հազար դրամ… Աղավնին համաձայնել է ճարահատյալ…»:

Դրանից հետո, ըստ դատական ակտի, մինչև 2012 թվականի վերջերը Աղավնին գտնվել է Արամի ու Անահիտի կողմից աշխատանքային շահագործման վիճակում՝ օրական 2-3 հազար դրամ վճարելով վերը հիշատակված չկայացած գնորդուհուն և մարելով եղբոր պարտքը:

Եղել են դեպքեր, երբ պարտքի վերադարձն ուշացնելու պատճառով Արամն ու Անահիտը վիճել են Աղավնիի հետ, ծեծի են ենթարկել նրան:

Դատական ակտում նշված է, որ նույն ժամանակ Արամ Ներսիսյանը այլ գնորդի 15 հազար 500 դոլարով վաճառել է հայրական բնակարանը, բայց նախորդ գնորդուհու պարտքը չի մարել, այդ մարումը թողել է քրոջ ուսերին և կնոջ հետ նրան ենթարկել է աշխատանքային շահագործման:

2012 թվականից մինչև 2013 թվականի գարուն Արամն ու Անահիտը իրենց ընտանիքի կարիքները հոգալու նպատակով Աղավնիի երկու անչափահաս երեխաներին՝ որդուն՝ Ի.-ին ու դստերը՝Ռ.-ին, պահել են իրենց տնակում, երեխաների նկատմամբ բռնությունների, պարբերաբար ծեծելու կամ ծեծի սպառնալիքների ազդեցության տակ ստիպել են, որ երեխաները զբաղվեն մուրացկանությամբ:

Երեխաները, որ նախկինում շահագործվել էին իրենց մայրիկի կողմից, հիմա էլ շահագործվել են քեռու և քեռակնոջ կողմից՝ Աբովյանում ու Երևանում զբաղվել են մուրացկանությամբ, իսկ օրվա վերջին նրանց հավաքած գումարները տնօրինել են Արամն ու Անահիտը:

Ըստ դատական ակտի՝ քրոջ և նրա ընտանիքի հանդեպ շրջապատում «իբրև մտահոգ եղբոր տպավորություն թողնելու նպատակով» Արամը կնոջ հետ «ասեկոսեներ է տարածել», իբր նախկին գնորդուհուն ունեցած պարտքի մարումը Աղավնին իր կամքով է հանձն առել, իսկ նրա երկու երեխաներին՝ Ի.-ին ու Ռ.-ին իրենք պահում են իրենց տանը, հոգ են տանում, որ մեղմեն քրոջ հոգսերը: Ինչ վերաբերում է մուրացկանություն անելուն, ապա ըստ Արամի ու նրա տիկնոջ, երեխաները դա արել են իրենց կամքով ու ցանկությամբ:

Ամբաստանյալները երեխաներին ստիպել են, որ շրջապատում ներկայացնեն, իբր քեռու տնակում ապրում են, որովհետև այնտեղ ավելի բարվոք պայմաններ են, իսկ մուրացկանություն անում են միայն իրենց կամքով:

Դատարանում Արամ Ներսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 132 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե քույրն ու նրա երեխաները մշտապես մուրացկանությամբ են զբաղվել, ինքը դրան միշտ դեմ է եղել: Ըստ Արամի՝ քույրը վատառողջ է, սեր ունի ալկոհոլի նկատմամբ, մուրացկանությամբ հավաքված գումարները ծախսել է ալկոհոլի վրա:

Քույրը խմում է, փնթի է, չի կարողանում զբաղվել երեխաների խնամքով, նրա երեխաներից երկուսը ցանկություն են հայտնել ապրելու իրենց հետ: Միայն շաբաթ-կիրակի օրերին են իրենց մոտ ապրել, մնացած օրերին երեխաները գիշերօթիկ դպրոցում են եղել:

Ինքը տարբեր աշխատանքներ է արել, շաբաթական մոտ 30 հազար դրամ է վաստակել ու հոգացել է ոչ միայն իր, նաև քրոջ ընտանիքի հոգսերը:

Երկու երեխաները կամովին են ապրել իրենց տնակում, նրանք նույնիսկ գիշերօթիկ գնալ չեն ցանկացել: Ինքն ու կինը նրանց չեն ուղարկել մուրացկանության, հակառակը, արգելել են, բայց նրանք շաբաթ-կիրակի օրերին իրենց մոր հետ այնուամենայնիվ գնացել են մուրացկանության:

Ինքն ու կինը Ի.-ի ու Ռ.-ի նկատմամբ եղել են բարեհամբույր, նրանք իրենց հետ ապրել են բարեկեցիկ ու մաքուր պայմաններում…

Տուժող երեխան՝ Ռ.-ն հայտնել է, թե քեռին ու քեռակինը իրենց շաբաթ-կիրակի առավոտից, առանց հաց տալու, ուղարկել են մուրացկանություն անելու, պատահել է՝ ծեծել են ու զոռով են ուղարկել: Հավաքած գումարները տվել են քեռուն կամ քեռակնոջը:

Երևանում՝ Տաշիրի շրջակայքում մուրացկանություն անելիս նկատել են, որ նրանք հետևում են իրենց: Ամռան սեզոնին իրենք երկուսով օրական հավաքել են մոտ 20 հազար, իսկ ձմռանը՝ 10-15 հազար դրամ: Ըստ երեխայի՝ եղել է դեպք, որ Աբովյանի եկեղեցում Ծառուկյան Գագիկը նրան 100 դոլար է տվել, ինքն այդ փողը նույն օրը տվել է քեռուն, իսկ հաջորդ օրը նորից ուղարկվել է մուրացկանության:

Երեխաները նշել են, թե նախկինում վախեցել են քեռուց, բայց երբ նա կալանքի տակ է առնվել, իսկ իրենք գտնվել են ՀՕՖ-ում, արդեն չեն վախեցել ու ճիշտն են ասել:

Ընդհանուր իրավասության դատարանը Արամ Ներսիսյանին և Անահիտ Օհանյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար: Դատարանը հաշվի է առել, որ նրանց խնամքին երեք անչափահաս երեխաներ կան՝ իրենց երեխաները:

Արամ Ներսիսյանը վերջին հաշվով դատապարտվել է 11տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 28-ից:

11 տարի ազատազրկման է դատապարտվել նաև Անահիտ Օհանյանը, բայց դատարանը, նկատի ունենալով, որ նա երեք անչափահաս երեխաների մայր է, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 4 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը, Արամ Ներսիսյանի և Անահիտ Օհանյանի շահերի պաշտպանը, ինչպես նաև ինքը՝ Արամ Ներսիսյանը:

Մեղադրողը վերաքննիչ բողոք էր բերել Անահիտ Օհանյանի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը վերացնելու պահանջով:

Դատախազն իր բողոքում նշել էր, թե «հանձինս Անահիտ Օհանյանի՝ ունենք մի անձնավորություն», ում հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է: Այդ կինը մեղավոր է ճանաչվել ծանրագույն երկու հանցագործությունների համար, բայց իրական ազատազրկման չի դատապարտվել:

Մեղադրող դատախազը բողոքը ներկայացրել էր, բայց անձամբ այդպես էլ դատական նիստին չներկայացավ: Նա դիմումով խնդրել էր վերաքննիչ դատարանին, որ նիստն անցկացվի իր բացակայությամբ, նշել էր, թե պնդում է բողոքը:

Արամ Ներսիսյանը իր բողոքում նշել էր, թե ինքն անմեղ է, խնդրել էր իրեն արդարացնել, կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել «հետքննության», կամ գոնե իր՝ անմեղ մարդու նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն՝ հաշվի առնելով իր ընտանիքի ծայրահեղ ծանր վիճակը:

Ծուռ ատամնաշարով, առջևի դեղին ատամով դեռ բավական երիտասարդ, պնդակազմ տղամարդ է Արամ Ներսիսյանը: Նրա կինը՝ պայմանական դատապարտության շնորհիվ 11-ամյա ազատազրկումը չկրող Անահիտը տաշեղիկի նման էր Արամի կողքին: Արամը կնոջ մասին ասաց՝ «20 կիլոյանոց աղջիկ ա, մեր երեք երեխաները մնացել են նրա հույսին…»:

Արամը, ներկայացնելով իր անմեղությունը, ասաց, թե ինքը «ժողովրդի պահանջով» է քրոջ երկու երեխաներին պահել իր տնակում: Հետո մեկնաբանեց, որ «ժողովուրդ» ասելով նկատի ունի իրենց հարևաններին, ովքեր մշտապես իրեն խնդրել են, որ տեր կանգնի հարբեցող քրոջ երեխաներին: Երբ քրոջը տեսել են խմած, կեղտոտ վիճակում, մարդիկ եկել ու իրեն են դիտողություն արել… Քրոջ ընտանիքը մշտապես զբաղվել է մուրացկանությամբ, ինքը նրանց «վաբշե» չի ուղարկել մուրացկանության, «պռոստը» երեխաներին իրենց տանը «շրջապատել է հոգատարությամբ»…

Արամը նշեց նաև, թե ինքը քրոջը երբեք չի շահագործել, քույրը ամբողջ կյանքում մուրացկանություն է արել ու խմել, նա նույնիսկ հոգեկան հիվանդ է: Ինքը մի անգամ է քրոջը խփել, երբ մտել է «խոզանոց» հիշեցնող նրանց տնակը, տեսել է, որ երեխան «կեղտոտել ու իր կեղտը ուտում է… Ինքը քրոջը խփել է, որ նա մայրական հոգատարություն չի դրսևորում երեխաների նկատմամբ…»:

Քրոջ երեխան ընդամենը մի անգամ իրենց տուն է բերել 3 հազար դրամ, ասել է, թե փողը մայրն է տվել, ու երեխաներով այդ փողով կոնֆետ են առել ու կերել…

Անահիտ Օհանյանը նույնպես պնդեց, թե ինքն անմեղ է, ինքը միայն հոգ է տարել ամուսնու քրոջ երեխաներին, լողացրել է, կերակրել, երեխաները եկել ու խնդրել են, որ մնան իրենց տանը, որովհետև չեն ցանկացել խոզանոցում ապրել:

Անահիտը վերաքննիչ դատարանի հարցերին պատասխանելով՝ խառնվեց: Սկզբում ասաց, թե տուժող երեխաները գիշերօթիկում են եղել, միայն շաբաթ-կիրակի են տուն եկել ու իրենց մոտ են մնացել, հետո ասաց, թե երեխաներին նրանց մայրը վերցնում էր գիշերօթիկից, շաբաթվա մյուս օրերին էլ էին նրանք տանը լինում, դրա համար էին զզվում իրենց կեղտոտ տնակից, վերջում էլ ասաց, թե երեխաներն իրենց կամքով են գնացել մուրացկանության, նրանցից իրենք փող չեն վերցրել, որովհետև իրենք ապրել են «ըստ պահանջի»:

Անահիտը նշեց, թե ներկայումս չի աշխատում, բայց նախկինում աշխատել է սրճարանում, ամուսինն էլ «Գազել» է քշել, իրենք ուրիշի փողի կարիքը չեն ունեցել:

Դատարանը հարցրեց, թե Անահիտը սրճարանում ամբողջ օրն աշխատելով, Արամը ամբողջ օրը «Գազել» քշելով՝ ինչպե՞ս են հոգատար եղել Արամի քրոջ երեխաների նկատմամբ, գոնե իրենց երեք երեխաներին կարողացե՞լ են ուշադրություն հատկացնել: Անահիտն ասաց, թե իրենք ամեն բան հասցրել են, փողի կարիք էլ չեն ունեցել… Իրենք բարի գործ են արել, բայց իրենց բարի գործը շուռ են տվել իրենց դեմ…

Ամբաստանյալ ամուսինների շահերի պաշտպանը հիմնավորեց իր բերած բողոքը՝ նշելով, որ իր պաշտպանյալները չեն կատարել մեղսագրված արարքները: Դատական քննության ընթացքում տուժողներն ու վկաները, այդ թվում՝ սոցիալական աշխատողներն ու մանկավարժները, մեղադրանքը հաստատող ոչ մի ցուցմունք չեն տվել: Արամի քույրը նախաքննական ցուցմունքները տվել է ոչ սթափ վիճակում, նույնիսկ առերեսման գործողությանը նա ներկայացել է անսթափ:

Պաշտպանը միջնորդեց արդարացնել ամբաստանյալներին: Իսկ եթե դատարանը համարի, որ մեղադրանքը հաստատված է, ապա գոնե թող Արամ Ներսիսյանի նկատմամբ ևս կիրառի պայմանական դատապարտություն, ազատ արձակի նրան, որպեսզի նա կարողանա հոգ տանել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող իր ընտանիքին, երեք անչափահաս երեխաներին:

Պաշտպանը խնդրեց նաև մերժել դատախազի բողոքը՝ Անահիտ Օհանյանի մասով:

Մինչ վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, վերաքննիչ դատարանի դահլիճ մտավ՝ «թևածեց» տուժող Աղավնին՝ փնթի, աչքերի անմիտ արտահայտությամբ: Նա հանգիստ ասաց, որ իր չորս երեխաները «ՍՕՍ» կազմակերպությունում են, մի երեխայի հիվանդությունն էլ՝ էպիլեպսիա, չկարողացավ արտաբերել: Նման արարածին վախեցնելը կամ շահագործելը դժվար չէր լինի…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բոլոր վերաքննիչ բողոքները, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում