Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի ձեռնարկատերերի հետ, այդ թվում՝ նաև սննդի ոլորտում համագործակցությամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նկատել է, որ երկու երկրների միջև գնալով աճում է ապրանքաշրջանառության ծավալը` հիշեցնելով, որ նախորդ տարի այն աճել է ավելի քան 12 տոկսով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին` գրեթե 6 տոկոսով:
Պուտինը նշել է, որ այդ ամենը մեծապես ուրախացնում է իրենց. «Ավելին՝ եթե այդ համագործակցությունն ընդլայնվի, ավելի լավ, մենք շահագրգռված ենք դրանում»:
Պուտինի խոսքերով` Մոսկվան և Բաքուն ձեռնարկում են մեծ ջանքեր` դիվերսիֆիկացնելու համար երկկողմ հարաբերությունները, և որ այդ հարցում կան նախադրյալներ. «Յուրաքանչյուր տարի մենք գնալով ավելի ենք բարձրացնում նշաձողը»:
Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս ապագային նայել լավատեսորեն. «Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրականորեն, դինամիկ, և տարեցտարի մենք էլ ավելի ենք բարձրացնում նշաձողը: Չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին` մենք ամեն դեպքում ընդլայնում ենք տնտեսական ոլորտում փոխադարձ համագործակցության պոտենցիալը:
Մեր երկրների միջև հաստատվել է հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն համագործակցելու, ընդլայնելու համագործակցությունն ու ապագային լավատեսորեն նայելու»: