Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի Ա խմբի 11 ծանրորդների մրցավեճը:
Հետաքրքիր ու դիտարժան մրցապայքարն ավարտվեց 20-ամյա չինացի Յոնգչաո Ժաոի հաղթանակով: Նա պոկում վարժությունում 5 կգ-ով զիջել էր փոքր ոսկե մեդալին արժանացած 17-ամյա ռուսաստանցի Իլյա Աթնաբաևին: Վերջինս պոկում վարժությունում լավագույն էր ճանաչվել 161 կգ-ով:
Հրում վարժության ժամանակ չինացուն հաջողվեց ոչ միայն 197 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճել, այլև երկամարտում 1 կգ-ով գերազանցել Աթնաբաևին ու 353կգ (156+197) արդյունքով հռչակվել աշխարհի չեմպիոն՝ 4-րդ ոսկե մեդալը պարգևելով Չինաստանի պատվիրակությանը: Բրոնզե մեդալը բաժին հասավ 18-ամյա իտալացի Անտոնիո Պիզոլատոյին, ով երկամարտում արձանագրեց 347 կգ (154+193) արդյունք:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 18-ամյա Նորայր Ավետիսյանը 21 ծանրորդների պայքարում երկամարտի 333 կգ (145+188) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Պատանի հայ ծանրորդը թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում 3-ական մոտեցումներից առաջին 2-ը հաջող կատարեց: Նա պոկում վարժությումում 9-րդ տեղը գրավեց, սակայն հրումում կարող էր նույնիսկ փոքր բրոնզե մեդալ նվաճել, եթե 3-րդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեր 193 կգ-անոց ծանրությունը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը
Լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի








































