Պարզվում է՝ առնետներն ունակ են խեղդվելուց փրկել իրենց ընկերներին, նրանք հավատարիմ ընկերներ են: Փորձի մասին հայտնում է Animal Cognition ամսագիրը:
Ավելին՝ օգնելու պատրաստակամությունն ավելի արագ է դրսևորվել, եթե առնետին ավելի վաղ սուզել են ջրի մեջ, այլ կերպ ասած՝ կրծողները, պարզվում է, ունակ են կարեկցելու:
Նման փորձեր կատարվել են ԱՄՆ-ում 2011թ., բայց դրանց քննադատները հայտարարել են, որ առնետներն իրար փրկում են ոչ թե կարեկցանքից, այլ ընկեր ունենալու եսասիրական ցանկությունից դրդված, որպեսզի մենակ չմնան:
Այդ կարծիքները ժխտելու համար Քվանսեյ Գակուինի համալսարանի ճապոնացի գիտնականները երկու տարբեր պարունակությամբ հատուկ արկղեր են պատրաստել, որոնք բաժանված են եղել թափանցիկ միջնորմով: Դրանցից մեկում ջուր են լցրել, որում առնետը ստիպված մի քանի րոպե թպրտացել է (ընդ որում՝ առանց խեղդվելու ռիսկի): Ջրից փրկվել հնարավոր էր միայն այն դեպքում, եթե երկրորդ առնետը բացեր միջնորմի դուռը:
Արդեն փորձի մի քանի օրվանից հետո առնետները սկսել են պարբերաբար բացել դուռը՝ փրկելով իրենց խեղդվող ընկերներին: Ընդ որում՝ երբ ջուր չի եղել, նրանք ոչինչ չեն արել, այսինքն՝ նրանք ցեղակցին օգնում են միայն այն ժամանակ, երբ նա փորձանքի մեջ է, ոչ թե երբ մենակ տխրում է: Բացի դրանից՝ առնետները նույնպես սուզվելու փորձ են արել, ինչն օգնել է նրանց ավելի արագ փրկել հարևաններին. սեփական տառապանքների մասին հիշողությունը նույնանման իրավիճակում օգնում է փոխօգնության հարցում:
Գիտնականներն առնետներին նաև այլընտրանք են թողել՝ բացել խեղդվող ընկերոջ դո՞ւռը, թե՞ այն դուռը, որի հետևում շոկոլադ է: 50-80% դեպքերում կրծողները որոշել են նախ օգնել տանջվող ընկերոջը:









































