Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում ավարտվեց Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո մենամարտը:
Առաջին երեք ռաունդներն անցան հավասար պայքարում, ունեին հետախուզական բնույթ: Բռնցքամարտիկները փորձում էին զգալ մենամարտի զարկերակը, զգալ ռինգը: Պակյաոյի առավելությունը նկատելի էր հատկապես 4-րդ և 7-րդ ռաունդներում: 4-րդ ռաունդում ձախ ձեռքի ուղիղ հարվածից հետո Ֆլոյդը նույնիսկ երերաց, բայց մնաց կանգուն:
Ընդհանուր առմամբ մենամարտը կանխատեսելի սցենար ունեցավ: Մեյուեյզերը պաշտպանվում էր զգոն ու սպասում իր հնարավորությանը` անցկացնելով դիպուկ հակահարվածներ ու ավելացնելով միավորների պաշարը: Ամեն դեպքում, մենամարտն անցավ լարված պայքարում ու նույնիսկ ավարտից հետո միանշանակ չէր, որ մրցավարները հաղթանակը շնորհելու են ամերիկացի բռնցքամարտիկին:
Այսպիսով, Ֆլոյդ Մեյուեյզերը 48-րդ հաղթանակը տարավ իր մարզական կարիերայի 48-րդ մենամարտում (118:110, 116:112): Պակյաոն, ով ունի 57 հաղթանակ, կրեց 6-րդ պարտությունը:







































