ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով Աժ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ, գրում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ այդ հարցով էթիկայի հանձնաժողովին էր դիմել Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ուշագրավն այն է, որ երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները, այլև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը, ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն ևս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր և ստորագրել էր այդ նախաձեռնության տակ: Ընդ որում, հանձնաժողովում ԲՀԿ-ականի դիրքորոշումը եղել է որոշիչ, քանի որ հիմա էթիկայի հանձնաժողովը կազմված է 3 իշխանական, 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներից (այժմ նախագահում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը):
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձևակերպումներ կան:
Իսկ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանձնաժողովն այլևս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը:









































