Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում` հունվարի 21-ին, կմասնակցեն միայն նախկին դեմոկրատ նախագահները՝ Բիլ Քլինթոնն ու Ջիմի Քարթերը: Հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերը հրաժարվել է Վաշինգտոն գալ` հոր հիվանդության պատճառով:
«Նախկին նախագահն ու տիկին Բուշը Օբամային և նրա ընտանիքին լավագույն բարեմաղթանքներն են փոխանցում և մաղթում են հիանալի անցկացնել մինչ երդմնակալությունն ընկած հանգստյան օրերը»,- նշվում է Բուշ-կրտսերի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավանդաբար բոլոր նախկին նախագահները հրավիրվում են երդմնակալության արարողությանը, սակայն այս անգամ Բուշ-կրտսերը չի ցանկացել թողնել 88-ամյա հիվանդ հորը` նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին, ով վերականգնվում է ծանր և տևական հիվանդությունից հետո:
2009թ.-ին երկու հանրապետական նախկին նախագահներն էլ ներկա էին եղել Օբամայի երդմնակալությանը: Անցած շաբաթ Բուշ-ավագը դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր նոյեմբերի 23-ից` բրոնխիտ հիվանդության պատճառով: