Դոնեցկի «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ուկրաինական «Український футбол» կայքին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
– Հենրի´խ, երկրորդ տարին անընդմեջ դարձաք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, արժանացաք ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, դարձաք նաև Ուկրաինայի լավագույն լեգեոներ. Հատկապես ո՞ր տիտղոսն ամենաշատն ուրախացրեց Ձեզ.
– Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր գնահատեցին իմ խաղը: Նվիրված հանդես եմ գալիս՝ փորձելով դառնալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Եթե բարելավվում ես, նշանակում է՝ ճիշտ ուղու վրա ես: Սա նշանակում է, որ բոլոր տիտղոսներն ինձ համար կարևոր են:
– Վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել եք, որ չեք սիրում շփվել լրագրողների հետ, քանի որ նրանք նույն հարցերն են տալիս: Իսկ Դուք ի՞նչ հարց կտայիք Ձեզ.
– Ես չեմ ասում, թե չեմ սիրում լրագրողների հետ շփվել, ավելին՝ ինձ են ասել, որ միշտ նույն պատասխաններն եմ տալիս, իսկ ես պատասխանել եմ, որ եթե հետաքրքիր հարցեր հնչեն, նույնպիսի պատասխաններ կտամ:
– Ձեր հոր անունը Համլետ է, իսկ Ձերը՝ Հենրիխ. կարելի՞ է ենթադրել, որ ընտանիքում անտարբեր չեք Շեքսպիրի ստեղծագործությունների նկատմամբ.
– Չգիտեմ, չեմ հարցրել: Ամեն դեպքում միշտ լավ եմ զգում, երբ հորիցս են հարցնում, քանի որ նա հրաշալի մարդ ու նույնպիսի ֆուտբոլիստ է եղել:
– Իսկ Շեքսպիրի ո՞ր ստեղծագործությունն եք նախընտրում.
– Այո´, Շեքսպիր շատ եմ կարդացել, բայց ամենից շատը «Համլետ»-ն եմ սիրում:
– Հինգ լեզու գիտեք: Հասկանալու առումով ինչպե՞ս կդասավորեիք. առաջինը՝ հայրերեն, հետո…
– … Ռուսերեն: Իմ տատիկը ռուսական արմատներ ունի, այդ իսկ պատճառով մանկուց ռուսերենը եղել է հարազատ լեզու՝ հայերենից հետո: Հայաստանում հիմա էլ են ռուսերեն դասավանդում, նաև՝ անգլերեն: Վերջինիս նույնպես տիրապետում եմ: Կարողանում եմ խոսել նաև ֆրանսերեն, պորտուգալերեն:
– Որտե՞ղ եք դիտել Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունը.
– Այդ ժամանակ Թայլանդում էի՝ ընտանիքիս հետ հանգստանալու: Չեմ կարողացել դիտել վիճակահանությունը: Կարող եմ ասել՝ մեզ հեշտ մրցակից չի ընկել, սակայն կարող ենք հաղթահարել նրանց արգելքը: Ինձ համար մեկ է՝ ով կլինի մեր մրցակիցը:
– Իսկ եթե «Բարսելո՞նա»-ն լիներ ձեր մրցակիցը.
– Նույն կերպ կվերաբերվերի. չէի ասի՝ օ՜, ինչո՞ւ «Բարսելոնա»-ն… (ծիծաղում է):
– Հենրի´խ, Դոնեցկում դեռ բնակվում եք «Կիրշա» մարզաբազայում: Ինչո՞ւ մշտական բնակավայր ձեռք չեք բերում.
– Բնակարան գնելը կամ տուն վարձելն ինձ համար խնդիր չէ: Ֆինանսական առումով կարող եմ իրականացնել դա, բայց իմաստ չեմ գտնում, քանի որ միայնակ եմ ապրում:








































