Աթենքի Կորիդալլոս բանտում ուրբաթ օրը վրացի կալանավորների մի խումբ ապստամբություն է բարձրացրել: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է անկարգությունները: Այս մասին հայտնում է «Վիմա» թերթի կայքը:
Ապստամբության պատճառը տարեց կնոջ ձերբակալությունն էր, որը փորձել է բանտարկված հարազատի հետ հանդիպմանը մեծ քանակությամբ թմրանյութ փոխանցել: Դրանից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել:
Բանտարկյալների 20-25-հոգանոց խումբը կոտրել է բանտի դռներից մեկն ու գրավել անվտանգության տարածքներից մեկը, ծեծել է անվտանգության 3 աշխատակիցների և ավերել բանտի հիվանդանոցի առաջին հարկը: Որոշ բանտարկյալներ ինքնաշեն զենք են ունեցել:
Բանտ են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Բանակցություններից հետո կալանավորները վերադարձել են իրենց խցերը՝ հայտնում են հունական ԶԼՄ-ները:









































