Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային միությունը (FIFPro) սատարել է «Միլան»-ի ֆուտբոլիստներին, որոնք հունվարի 3-ին «Պրո Պատիա» ակումբի դեմ ընկերական հանդիպման 26-րդ րոպեին խաղադաշտը լքել են այն բանից հետո, երբ հակառակորդի երկրպագուները սկսել են ռասիստական արտահայտություններ անել Քևին-Պրինս Բոատենգի հասցեին:
«FIFPro-ն ողջունում է Քևին-Պրինս Բոատենգի և նրա թիմակիցների քայլը: Ցավալի է, որ ֆուտբոլիստները ստիպված էին փոքրաթիվ ֆանատների պատճառով լքել խաղադաշտը, սակայն միտումը դեպի ռասիստական պահվածքն ավելանում է, ինչին չի կարելի համակերպվել:
Բոատենգի և իր խաղընկերների քայլը կարող է օրինակ ծառայել այլ խաղացողների համար, որոնք ռասիզմի զոհ կդառնան»,- հայտարարել է FIFPro-ի ներկայացուցիչ Թոնի Հիգինսը:










































