Չնայած ԵՄ սահմանած պատժամիջոցներին` մեկ ամսում (նոյեմբերի 21-դեկտեմբերի 20) Իրանն արտահանել է 1.3 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 1.57 մլն տոննա նավթաքիմիական արտադրանք և գազային կոնդենսանտ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նշված ժամանակահատվածում Իրանն այդ արտահանումներն իրականացրել է Ասալույե նավահանգստից: Ընդհանուր առմամբ` արտահանվել է 1.03 մլն տոննա գազային կոնդենսանտ՝ 940 մլն դոլար արժեքով:
Արտահանված նավթաքիմիական արտադրանքների հիմնական մասնաբաժինը ընկել է ծանր և թեթև պոլիէթիլենի, պրոպանի, բութանի, էթիլենի, ծծմբի և մեթանոլի վրա:
Նույն ժամանակահատվածում Իրանը ներկրել է 202 տոննա սարքավորում՝ ավելի քան 4 մլն դոլար արժեքով:
Իրանը, որը աշխարհում բնական գազի պաշարներով Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է, փորձում է բարձրացնել իր արդյունահանումը՝ ներքին և արտաքին ներդրումների ընդլայնման հաշվին, հատկապես «Հարավային Փարս» հանքավայրում:
«Հարավային Փարսը» բաժանված է Իրանի և Կատարի միջև: Իրանական հատվածը շուրջ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ է պարունակում:









































