Հարցման ենթարկված ամերիկացիների 5 տոկոսը երբեք չի լսել ԱՄՆ-ի առաջատար հեռուստաալիքի՝ CNN-ի մասին: Այս մասին է վկայում Pew Research Center-ի անցկացրած հետազոտությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հարցման ենթարկվածներին խնդրել են պատասխանել հարցին՝ ի՞նչ լրատվական ռեսուրսներ են իրենց ծանոթ, դրանցից որո՞նց են նրանք վստահում և որոնցի՞ց են տեղեկատվություն ստանում: Հարցվածների 5 տոկոսը երբևէ չի լսել CNN-ի մասին, 7 տոկոսը մինչ օրս չգիտի USA Today-ի գոյության մասին, իսկ 15 տոկոսն առաջին անգամ է լսում New York Times-ի գոյության մասին:
Ամերիկացիների մեծ մասը նախընտրում է քաղաքական տեղեկատվություն ստանալ հեռուստատեսային ռեսուրսներից: 44 տոկոսը խոստովանել է, որ քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում է CNN-ից, 39 տոկոսը՝ Fox News-ից:
Թերթերին այս առումով փոքր բաժին է հասնում: Թերթերից առաջատարին՝ New York Times-ին, տեղեկատվության ստացման համար դիմում է հարցվածների միայն 13 տոկոսը:
Ամերիկացիները կրկին առավել վստահում են հեռուստատեսությանը: 54 տոկոսը վստահում է CNN-ից ստացած տեղեկատվությանը, 50 տոկոսը՝ ABC News-ի և NBC News-ի հաղորդումներից ստացած տեղեկատվությանը: New York Times-ին վստահում է հարցվածների ընդամենը 34 տոկոսը: