Իկեր Կասիլյասը դժգոհ է մնացել Մոուրինյոյի որոշումից, սակայն չի ցանկացել քննադատել մարզչին:
«Իհարկե, ինձ համար անսովոր էր պահեստայինների նստարանին, բայց Իկեր Կասիլյաս անձը ավելի ցածր է, քան թիմային հաջողությունը, ու միշտ այդպես կլինի: Բացի այդ, այն, թե ովքեր են խաղալու, մարզչի աշխատանքն է: Իմ գործը մարզումներին քրտնաջան աշխատելն ու ապացուցելն է, որ հենց ես եմ արժանի հիմնական կազմում տեղ զբաղեցնելուն:
Արդյո՞ք ինձ բացատրություն տվել է Մոուրինյոն: Ոչ: Ժոզեն ինձ իր որոշումների մասին բացատրություն չի տալիս, նույնիսկ եթե դրանք ինձ են վերաբերվում:
Թիմակիցներս աջակցում էին թե՛ ինձ, թե՛ Ադանին: Այո՛, մենք զիջեցինք, բայց այն փաստը, որ բոլոր խաղացողները քաջալերում էին երկուսիս էլ, այն բանի ուղիղ ապացույցն է, որ մենք միացյալ կոլեկտիվ ենք:
Ամբողջ շաբաթվա ընթացքում նախազգացում ունեի, որ չեմ խաղալու «Մալագա»-ի դեմ: Բայց կարևոր էր ոչ թե իմ բացակայությունը մեկնարկային կազմում, այլ այն, որ մենք պարտվեցինք՝ ավելի առաջ թողնելով «Բարսելոնա»-ին ու «Ատլետիկո»-ին:
Ես ու Ադանը առողջ մրցակցության մեջ ենք ու պետք է ընդունենք մարզչի ցանկացած որոշում: Կրկնում եմ. Մոուրինյոյի վստահությունը նորից շահելու համար պետք է ավելի քրտնաջան մարզվեմ»,- ասել է Իկերը La Sexta-ի հետ հարցազրույցի ժամանակ:









































