Սևանը չի կարելի սանձել, մինչդեռ Սևանա լճի մակարդակի բարձրացման «գրաֆիկը» (ժամանակացույց) հենց դա է անում: Այդ ժամանակացույցի պատճառով «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը որոշել է դուրս գալ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից, ինչի մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ այդ ժամանակացույցի` Սևանա լճի մակարդակը նախատեսված 1903.5 մ նիշին պետք է հասնի միայն 2031թ.-ին (տարեկան 20 սմ), սակայն 2012-2031թթ.-ին տարեկան՝ 18 սմ, քանի որ մինչ այդ արագ է բարձրացել:
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները հայտարարում են, թե բարձրացնում են Սևանի մակարդակը, սակայն լճի մակարդակի բարձրացումը արագ տեմպերով ցանկալի չէ, և այդ պատճառով է, որ լճից պարբերաբար ջրի բացթողումներ են անում՝ առանց դրա անհրաժեշտության. «Ժամանակացույցի հետ կապված` շատ մեծ վեճեր են եղել: Խոսում են, բայց գործնականում մակարդակը չեն բարձրացնում»:
Այս տարի լճից ջրառը սահմանվեց 320 մլն խորանարդ մետր` այն դեպքում, երբ վարարումներ էին: Ձմռանը ձյան հաստ ծածկույթի առկայության պայմաններում հետագայում հայտարարեցին, թե Ազատանի ու Ապարանի ջրամբարները կիսատ են լցվել: «Հետաքրքրվեք՝ այդ ե՞րբ են փակվել ջրամբարների փականները»,- նշեց Սանասարյանը:
Ըստ Հ. Սանասարյանի՝ լճի մակարդակը չեն թողնում արագ տեմպերով բարձրանա, որպեսզի օլիգարխներին պատկանող ափամերձ շինությունները չտուժեն, և մինչև քաղաքական վերաբերմունքը չփոխվի, մոտակա տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացման մասին պետք է մտածել: Ընդ որում, նրա խոսքով, Սևանի ջրի որակը չի վատացել, սակայն պետք է ափամերձ տարածքները արագ մաքրել թփերից ու ծառերից:









































