Լոս Անջելեսում հրատարակվող «Ասպարէզ» օրաթերթը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դեկտեմբերի 5-9-ը այցելելու է Լոս Անջելես՝ հանդիպումներ ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին քննարկվելու են Հայաստանի իրադարձությունները, Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունն ու Հայաստանին տրամադրված ամերիկյան օժանդակությունները։
Ըստ դեսպանատան աղբյուրների՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը նման խորհրդակցություններ պիտի ունենա նաև Սան Ֆրացիսկոյի, Բոսթոնի և Նյու Յորքի հայ համայնքների հետ:
Դեսպան Հեֆերնը դեկտեմբերի 6-ին առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի հրավերով և Հայ իրավաբանական միության համագործակցությամբ, Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակի մասին ելույթ պիտի ունենա առաջնորդարանի «Նազարեթ և Սիմա Գալայճյան» սրահում։ Ելույթին հաջորդելու է հարց ու պատասխանը, որը պիտի համակարգվի Հայ իրավաբանական միության ներկա և նախկին ատենապետների՝ Կարո Ղազարյանի և Էդվին Մինասյանի կողմից:









































