Ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին, որը տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում: Նշենք, որ դոնեցկյան թիմն արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, իսկ թուրինցիները՝ դեռ ոչ:
«Արձակուրդները մոտենում են, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլիստներն այլ բաներով են նաև տարված: Օրինակ՝ բրազիլացիները տուն վերադառնալու անհագ ցանկություն ունեն. նրանց իսկական ամառ է սպասվում: Այնուամենայնիվ, արձակուրդների մոտենալը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ իմ ֆուտբոլիստների՝ «Յուվենթուս»-ի դեմ խաղի պատրաստվածության վրա: «Յուվենթուս»-ն այս հանդիպմանն ավելի է մոտիվացված, բայց և այնպես «Շախտյոր»-ը խաղում է բացառապես հաղթանակի համար»,- իտալական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Լուչեսկուն:








































