Ֆրանսիական «Tribune de Lyon» պարբերականը նոյեմբերի 22- ի համարում «France 3-ը բարկացնում է Հայաստանի նախագահին» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է նոյեմբերի 11-13-ին Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի: Պարբերականը գրում է, որ «France 3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանին դուր չի եկել ՀՀ-ում կոռուպցիայի առկայության և Սիրիայի իշխող ռեժիմին աջակցելու վերաբերյալ լիոնցի լրագրող Օլիվիե Միշելի տված հարցը: Լրագրողի խոսքով, իր այդ հարցը լարվածության մթնոլորտ է ստեղծել հարցազրույցից հետո:
«Թարգմանչուհին մոտեցավ ինձ, իսկ նախարարներից մեկն էլ մատով սպառնաց»,- պատմել է Միշելը: Իսկ «Tribune de Lyon»-ն այդ կապակցությամբ հեգնում է. «Չարժե, որ նա իր հաջորդ արձակուրդն անցկացնի Հայաստանում»: Կարելի է ենթադրել, որ պարբերականը նկատի ունի, թե ՀՀ-ում լրագրողի նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել:









































