Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հանել է ավտոմեքենաների, բջջային հեռախոսների ու համակարգիչների ներկրման արգելքը: 2, 3 լիտրից պակաս շարժիչով մարդատար ավտոմեքենաների ներկրումը կարող է դառնալ անվճար:
Իրանը ժամանակավորապես արգելել էր մի շարք «շքեղության առարկաների» ներկրումը, ներառյալ` արտասահմանյան մեքենաների ու բջջային հեռախոսների ներկրումը: Դրա նպատակը միլիարդավոր դոլարների խնայումն էր, որոնք պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ են առաջին անհրաժեշտության ապրանքների գնման համար:
Իրանի կառավարությունը բոլոր ներկրվող ապրանքները բաժանել է 10 կատեգորիայի՝ ըստ դրանց անհրաժեշտության: Առաջին երկու կատեգորիայում ընդգրկված ապրանքների ներկրմամբ զբաղվող ընկերություններին հնարավորություն է ընձեռվել նվազեցված գնով գնել ամերիկյան դոլար: Վերջին կատեգորիաների ապրանքների ներկրմամբ զբաղվող ընկերությունները ստիպված են ամերիկյան արժույթի համար վճարել ավելի մեծ գումար:









































