Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը երեկ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ մերձեցման նպատակով մտադիր է օգտվել կրոնական գործոնից.
«Ես չգիտեմ, թե Ռուսաստանում ինչպես են ընկալում ներկայումս Վրաստանում ստեղծված իրավիճակը: Մենք դեռ որևէ շփում չենք ունեցել ռուսական դիվանագիտության ու Կրեմլի ներկայացուցիչների հետ: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակներին:
Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում օգտագործվի կրոնական գործոնը: Երկու երկրների եկեղեցիների միջև գոյություն ունեն շատ բարեկամական հարաբերություններ, ինչը նույնպես կօգնի մեզ հնարավորինս շուտ վերականգնել երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին հայտարարել է, թե սկզբնական փուլում պետք է կարգավորել Ռուսաստանի հետ առևտրային ու մշակութային հարաբերությունները, իսկ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը կպահանջի տևական ժամանակ:









































