Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման ընթացքում (0:4) գրանցված դրվագը, երբ նա հարվածեց մրցակցի պաշտպան Դանիել Կարվախալի դեմքին:
«Ես չեմ զղջում նրա դեմքին հարվածելու համար: Առհասարակ, ոչնչի համար չեմ զղջում: Սա Չեմպիոնների լիգան է: Կարվախալը նույնպես հարվածեց ինձ»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Ֆուտբոլիստները խաղի ընթացքում դաշտի եզրում պայքարում էին գնդակի համար, երբ ֆրանսիացին ետևից հարվածեց մրցակցին: Այդ դրվագն աննկատ մնաց գլխավոր մրցավար Պեդրու Պրոենսայի տեսադաշտից:
Ռիբերին շուտով հարվածեց նաև Կարվախալի դեմքին, ինչը նույնպես ուշադրության չարժանացավ մրցավարական անձնակազմի կողմից:








































