Հոկտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Պրահա: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Արթուր Գևորգյանը:
Ժամանելով Պրահայի օդանավակայան, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ուղևորվել է Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցավ Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի և նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը առաջարկել է գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով և ունեն որոշ ընդհանրություններ: Խորհրդարանի ղեկավարը քաղաքապետին առաջարկել է այցելել Հայաստան և, մասնավորապես, Ջերմուկ քաղաք` մոտիկից ծանոթանալու և փոխգործակցության ոլորտները նախանշելու համար : Քաղաքապետ Կուլհանեկը Հովիկ Աբրահամյանի առաջարկը սիրով ընդունել է` այն համարելով փայլուն գաղափար և շեշտեց, որ համագործակցությունը երկու քաղաքների միջև կխթանի զբոսաշրջությունը և երկու ժողովուրդներին ավելի մոտիկից ծանոթանալու ևս մի հնարավորություն կընձեռի:
Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարևորել են տարածաշրջանների միջև համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարևոր գործոն: Պարոն Աբրահամյանը նահանգապետին նույնպես առաջարկել է այցելել Հայաստան և մարզերից մեկի` մասնավորապես Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ոգևորությամբ ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը և նշեց, որ Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կայցելեն Հայաստան և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը արդյունավետ և երկուստեք օգտակար կլինի:
Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, ինչպես նաև Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ: Հովիկ Աբրահանյանը և պատվիրակության անդամները ծանոթացան առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղան հանքային ջրերի կենտրոնում:
Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:









































