Թուրքական Radikal թերթիփոխանցմամբ`երեկ թուրքական ոստիկանությունն Անկարայում արցունքաբեր գազ էր կիրառել Ուլուսի հրապարակում հավաքված և երկրի իսլամականացման դեմ բողոքող չարտոնված ակցիայի մասնակիցների (քեմալականների) նկատմամբ` կապված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի հետ:
Ոստիկանությունն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և առաջ շարժվել դեպի խորհրդարանի հին շենք: Ցուցարարների շարքերում է եղել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը թունավորվել է արցունքաբեր գազից:
Մեկնաբանելով ցուցարարների նկատմամբ Անկարայի ոստիկանության ցուցաբերած չափազանց կոշտ վերաբերմունքը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի իշխանությունները տվյալներ ունեին պատրաստվող սադրանքների մասին և այդ պատճառով արգելել էին ակցիայի անցկացումը:
Քըլըչդարօղլուն այս ամենը որակել է որպես Էրդողանի ռեժիմի հոգեվարք. «Էրդողանը խոսում է Սիրիայում մարդու իրավունքների մասին, մինչդեռ ինքն իր երկրում կործանել է ժողովրդավարական բոլոր արժեքները: Այս ամենը վկայում է, որ մենք մեկ քայլով ենք պակաս ավտորիտարիզմից»: