ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի՝ վաղը՝ ապրիլի 28-ին, կայանալիք ընտրություններին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոստանալով անդրադառնալ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրմանը:
«Հիմա բացատրեմ Հրանտ Բագրատյանի հանգամանքը: Բագրատյանն ինքնառաջադրվել է, չի համաձայնեցրել իր որոշումը ՀԱԿ խմբակցության հետ, բայց մենք հարգում ենք իր որոշումը՝ ելնելով հետևյալից. Սահմանադրությամբ ցանկացած պատգամավոր պատասխանատու է իր խղճի առաջ, ժողովրդի առաջ, նա կարող է չկատարել խմբակցության պահանջը, ուստի դրանից ելնելով՝ հարգում ենք նրա անհատական որոշումը, որը որևէ կերպ կապված չէ խմբակցության դիրքորոշման հետ»,- ասաց նա:









































