Հնդկաստանում տեղեկատվության ու հեռուստառադիոհեռարձակման նախարար Ամբրիկա Սոնին ու տուրիզմի նախարար Սուբոդխ Կանտը այսօր հրաժարական են տվել կառավարությունում վերադասավորումների նախօրեին, որոնց մասին իշխող Միացյալ պրոգրեսիվ դաշինքը կհայտարարի հոկտեմբերի 28-ին, հայտնում է ITAR-TASS-ը:
Նախօրեին իրենց պաշտոնները լքել էին սոցիալական արդարության և իրավունքների ընդլայնման ու հնարավորությունների նախարար Մուկուլ Վասնիկը և արտաքին գերատեսչության ղեկավար Սոմանախալլի Մալլայա Կրիշնան: «Եկել է ժամանակը, որ երիտասարդ մարդիկ դառնան ավելի պատասխանատու, ժամանակն է, որ ես նրանց համար տեղ ազատեմ»,- ասել է Կրիշնան:
Որպես երկրի ԱԳ նախարարի հիմնական թեկնածու նշվում են Հնդկաստանի արդյունաբերության ու առևտրի, տեքստիլ արդյունաբերության նախարար Անանդ Շարմի և մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Կապիլ Սիբալի անունները:









































