Թուրքական Aydinlik թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոշտ պատասխանի է արժանացել:
Թուրքական թերթն ընդգծում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, և Էրդողանը փորձել է Ռուսաստանի նախագահին համոզել դադարեցնել Բաշար Ասադի ռեժիմին աջակցելը, սակայն Վլադիմիր Պուտինը կոշտ է արձագանքել դրան:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն Էրդողանին հայտնել է, որ եթե գեթ մեկ թուրք զինվոր հատի Սիրիայի սահմանը, ապա Ռուսաստանը շատ կոշտ կարձագանքի դրան: Էրդողանը փորձել է առարկել Պուտինին՝ ասելով, որ դա անընդունելի է իրենց համար և միևնույն ժամանակ հարցրել է, թե արդյոք դա սպառնալի՞ք է: Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ Էրդողանը կարող է մտածել այնպես, ինչպես ցանկանում է, իսկ ինքն իր խոսքն արդեն ասել է:
Թերթի պնդմամբ՝ այդ խոսքերից հետո Էրդողանը դեն է նետել լսափողը, մինչդեռ սիրիական ու պաղեստինյան մի շարք աղբյուրներ հայտնել են, որ նման կերպ վարվել է ոչ թե Էրդողանը, այլ՝ Պուտինը: Երրորդ աղբյուրներն էլ ընդհանրապես կարծում են, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի էլ եղել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պետք է Թուրքիա այցելեր հոկտեմբերի 14-15-ին, սակայն նրա այցը հետաձգվեց և որոշակի տվյալներով` կարող է տեղի ունենալ այս տարվա դեկտեմբերի 3-ին:









































