Իրաքի տարածքում ահաբեկչությունների սերիայի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել 68-ը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր 17 զոհի և 30 տուժածի մասին:
Առավել խոշոր ահաբեկչական գործողությունն իրականացվել է Թաջի քաղաքում, որը մայրաքաղաք Բաղդադից հեռու է 20 կմ: 3 ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքերը հաջորդաբար գործարկվել են: Պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ:
Պայթյուններ են որոտացել նաև երկրի հյուսիսային Քիրքուկ քաղաքում, հարավային` Էլ-Կուտում: Ահաբեկիչների հիմնական թիրախները եղել են ոստիկանական բաժանմունքներն ու բլոկպոստերը: Պայթյունների իրականացման համար ահաբեկիչները կիրառել են ականապատված մեքենաներ:
Մերձավորարևելյան այս երկրում լարվածության աճը պայմանավորված է երկու խոշոր իսլամական համայնքների` սուննիների և շիաների միջև առճակատման սրմամբ:









































