Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին արժանացել է Onze d’Or ամենամյա մրցանակին: Վերջինս տրվում է ֆրանսիական Onze Mondial ամսագրի կողմից: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Արգենտինացի հարձակվողը երրորդ անգամն է նվաճում այս տիտղոսը՝ սրանով իսկ հավասարվելով Միշել Պլատինիին ու Զինեդին Զիդանին:
Նախորդ երկու անգամը Մեսսին Onze Mondial ամսագրի հատուկ մրցանակի հաղթող է դարձել 2009 և 2011 թվականներին: Ինչ վերաբերում է 2010 թվականին, ապա այդ տարի ոչ մի անուն չի հայտարարվել:
Քվեարկության արդյունքում Մեսսին առաջ է անցել Քրիշտիանու Ռոնալդուից: Արգենտինացու օգտին է եղել ձայների 47,45 տոկոսը, իսկ պորտուգալացու օգտին՝ 27,95 տոկոսը: Հատկանշական է, որ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Աթլետիկո Մադրիդ»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Նրա օգտին է քվեարկել քվեարկողների 6,10 տոկոսը:
Նրանց հաջորդում են Քարիմ Բենզեման, Չավին ու Մեսութ Օզիլը՝ համապատասխանաբար 2,24, 1,38 և 1,38 տոկոս ձայներով:









































