Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Դնեպր»-ի հետ: Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին հաջողվեց այդ խաղում գոլի հեղինակ դառնալ ու օգնել թիմին հաղթանակ տանելու հարցում: Մխիթարյանը խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
– Հենրիկ, «Դնեպր»-ին հաջողվե՞ց զարմացնել ձեզ.
– «Դնեպր»-ը շատ կարգապահ թիմ է, որը կարողանում է ցուցադրել լավ հարձակվողական ֆուտբոլ: Խուանդե Ռամոսի՝ թիմին միանալուց հետո, կարծում եմ, արդյունքն ակնհայտ է: «Դնեպր»-ը կարող է պայքար մղել երկրորդ, անգամ առաջին տեղի համար:
– Երկու չիրացված 11 մետրանոցներն ազդեցի՞ն ձեր խաղի վրա.
– Այոˊ, հանդիպման ընթացքում մեզ վրա ճնշում զգացինք: Սակայն, փաˊռք Աստծո, մենք սեփական դաշտում միավորներ չկորցրինք այնպիսի թիմի դեմ պայքարում, ինչպիսին «Դնեպր»-ն է: «Յուվենթուս»-ի դեմ խաղից առաջ այս հաղթանակը հոգեբանորեն մեծ նշանակություն ուներ:
– Այսօր խփեցիք Ձեր հերթական գոլը. ի՞նչ զգացողություններ ունեք.
– Հիանալի է: Շատ ուրախ եմ 13-րդ գոլը խփելու առթիվ. դրա համար շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս: Բայց, կրկնում եմ, ինձ համար կարևորը թիմի հաղթանակն է: Շատ ուրախ եմ հատկապես այն բանի համար, որ իմ խփած գոլը նպաստեց «Շախտյոր»-ի հաղթանակին:






































