Այսօր Բելառուսում տեղի ունեցող խորհրդարանակական ընտրությունները ճանաչվել են կայացած: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ապահովվել է ընտրողների ավելի քան 50 %-ի մասնակցությունը:
Մասնակիցների 26 %-ը ընտրություններին մասնակցել են ժամանակից շուտ: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ժամանակից շուտ ընտրություններին մասնակցելու դեպքում դժվար է դրանց հետևելը, ուստի իշխանությունները այդ մեխանիզմն օգտագործում են խաբեության համար:
Ընդդիմադիր հինգ խոշոր կազմակերպությունները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները` իբր տեղի ունեցած խախտումների և գործընթացի թափանցիկության բացակայության պատճառով:
Բելառուսի Ազգային Ժողովի ստորին պալատի 110 մանդատի համար առաջադրվել էր 293 թեկնածու: Նրանք հիմնականում ներկա իշխանությունների նկատմամբ չեզոք դիրք բռնած կուսակցությունների ներկայացուցիչներ են: Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները` դրանք համարելով ոչ ժողովրդավարական:
Մինսկի ընտրական տեղամասերից մեկում ընտրություն կատարած Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությունը, հանելով իր ներկայացուցիչների թեկնածությունները, ևս մեկ անգամ ցույց է տվել իր անկայունությունը: Նա ընդդիմադիրներին անվանել է «վախկոտներ, ովքեր ժողովրդին ասելու ոչինչ չունեն»:









































