BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանի հարավում մեկնարկում են «Կովկաս 2012» մասշտաբային զորավարժությունները, որոնք հարուցել են Վրաստանի և արևմտյան մի շարք երկրների մտահոգությունը:
Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ, դրանց մասնակցելու է մոտ 8000 մարդ, ավելի քան 200 մարտական մեքենա, մոտ 100 հրանոթ, ինչպես նաև 10 ռազմանավ ու մոտորանավակ: Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով՝ 4 հրաձգարաններում և Սև ու Կասպից ծովերի ջրատարածություններում:
Առաջին փուլն անցկացվելու է Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռաևսկի» հրաձգարանում: Ակնկալվում է, որ զորավարժությունների բացմանը ներկա կգտնվի նախագահ Վլադիմիր Պուտինը: Զորավարժությունների ընթացքին հետևելու են նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունն ու Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը:
Չնայած զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանի տարածքում՝ Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Մոսկվայի գործողությունները սպառնում են կովկասյան երկրների ինքնիշխանությանը: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, որ Ռուսաստանն այդ զորավարժությունների միջոցով հույս ունի ազդել հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը վաղը ժամանելու է Հայաստան:









































