ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել օգնել Վենեսուելային նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկում` «Ամուայում», պայթյունի հետևանքով ծագած հրդեհի մարման աշխատանքներում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
Ամերիկյան ժողովրդի և կառավարության անունից նա ցավակցություն է հայտնել պայթյունի և հրդեհի պատճառով զոհվածների ընտանիքներին: «Միացյալ Նահանգները կդիտարկի ցանկացած հարցում` տրված Վենեսուելայի կողմից, եթե, իհարկե, դրանք լինեն»,- հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը: Նա պարզաբանել է` ասելով, թե դեռևս Վաշինգտոնը նման հարցում չի ստացել Կարակասի կողմից:









































