Սպիտակ տունը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական Միթ Ռոմնիի կնոջ ելույթը` նախօրեին կայացած հանրապետականների համագումարում: Էնն Ռոմնին խոսել է իր և ամուսնու փոխհարաբերությունների մասին, այն մասին, թե որքան շատ է սիրում իր ամուսնուն:
«Նա շատ տպավորիչ է խոսել այդ մասին, բայց մենք հնարավորություն կտանք հեռուստադիտողներին և ընտրողներին որոշելու, թե իրենք ինչ են մտածում Ռոմնի-Ռայան զույգի մասին»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին:
Տեղեկացնենք, որ Ռոմնի-Ռայան զույգը համարվում է ԱՄՆ ժամանակակից պատմության ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահի և փոխնախագահի թեկնածուների զույգ:
Հիշեցնենք. Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած համագումարի ժամանակ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Ռոմնիի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Օբաման չի նայել համագումարի ուղիղ հեռարձակումը զբաղված լինելու պատճառով: Սակայն նա հավելել է, որ նախագահը հետևում է բոլոր նորություններին, այդ թվում` մրցակից կուսակցությանը վերաբերող:
Օբաման, որպես ԱՄՆ նախագահ, պաշտոնապես կառաջադրվի հաջորդ շաբաթ` Հյուսիսային Կարոլինա նահանգում կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:









































