«Չելսի»-ի նորեկ Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես է հարմարվել իր նոր թիմի կազմում:
Բելգիացին լոնդոնյան թիմ է տեղափոխվել ֆրանսիական «Լիլ»-ից` 32 մլն ֆունտի դիմաց, և արդեն իսկ առաջին խաղերում ապացուցել է, որ այդ գումարն իզուր չի ծախսվել: 21-ամյա ֆուտբոլիստի հարմարման գործընթացը հիանալի է անցել:
«Ես հարմարվել եմ լոնդոնյան կյանքին: Միշտ էլ անհանգստության զգացում ես ունենում, երբ տեղափոխվում ես ակումբ, որտեղ բազմաթիվ մեծանուն խաղացողներ են հանդես գալիս: Սա նոր երկիր է` նոր մշակույթով և նոր լեզվով:
Ես թիմակիցներիս համար ֆրանսիական ռեպ եմ կարդացել և ստիպել եմ նրանց ծիծաղել, իսկ դա ամենակարևորն է: Ֆրենկ Լեմպարդը ծիծաղում էր, երբ ես իմ առաջին հարցազրույցն էի տալիս անգլերենով:
«Ուիգան»-ի հետ կայացած իմ մեկնարկային խաղը, իհարկե, կարող էր ավելի վատ ստացվել, չնայած առաջին 15 րոպեներին ես ինձ լավ դրսևորեցի: Ես դեռ պետք է հարմարվեմ անգլիական ֆուտբոլին»,- հայտարարել է Ազարը:









































