«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Փայլակ Հայրապետյանի գործընկեր Աշոտ Սուքիասյանից, ում դեմ Հայրապետյանի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում, և ով այժմ թաքնվում է քննությունից: Նրա պատմելով` Հայրապետյանն ինքն է համառորեն խնդրել, որ Աֆրիկայից Սուքիասյանն ադամանդներ բերի, և դրանք մշակվեն իր գործարանում: Արդյունքում կազմվել է բիզնես-ծրագիր, որը հաստատվել է «Ամերիաբանկի» խորհրդի կողմից, և որի հիման վրա էլ գրավադրվել է Հայրապետյանի ողջ գույքը, որ տրամադրվի 12 միլիոն դոլարի վարկ` 10 տարի ժամկետով: Ըստ Սուքիասյանի, գործարքը կնքելուց հետո ինքն իմացել է, որ Հայրապետյանը մեծ պարտքեր ունի, և փորձել է ետ կանգնել, սակայն Հայրապետյանն ասել է, «որ ինքը կործանման, խայտառակման եզրին է, որ իր ընտանիքն իրենից երես է թեքել իր ֆինանսական խնդիրների պատճառով… խնդրեց վճարեմ իր պարտքերը ու փրկեմ խայտառակությունից և օգնեմ աշխատեցնել իր գործարանը»: Ըստ Սուքիասյանի` ինքը փակել,է Հայրապետյանի պարտքերը, իսկ այդ ընթացքում բանկը սկսել է դանդաղեցնել վարկի տրամադրումը և տոկոսադրույքը 12-ից դարձրել է 15:
«Ի սկզբանե խախտված լինելով բիզնեսի գրաֆիկը, ստիպված էի վճարել բանկին գումարներ, չունենալով բիզնեսից որևէ եկամուտ, քանի որ բիզնեսը նույնիսկ 1 տարեկան չկար»,- գրում է նա: Ապա նշում է, որ Հայրապետյանը բանկի միջոցով պատերազմ է հայտարարել իրեն` «խաղալով կրկնակի խաղ»: «Այս ամենի մեղավորը միայն ես էի, որ փորձեցի օգնել մի մարդու, ով, արթիկտուֆը չկարողանալով տարբերել ադամանդից, փորձում էր այս խիստ մասնագիտական ոլորտը մտնել»,- «Հրապարակ»-ին ուղղված նամակում գրել է Սուքիասյանը:
Թերթը գրում է, որ մոտ տասն օր առաջ ինքնասպան եղած Միշա Քալանթարյանի դեպքի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում: Ոմանք կարծում են, թե դա բնավ էլ ինքնասպանություն չէ` կատարվածը կապելով 2002-ին տեղի ունեցած Հովիկ Մանուկյանի աղմկոտ սպանության հետ, որի կատարման մեջ Միշա Քալանթարյանն ընդունել էր իր մեղքը, սակայն դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից: Որոշներն էլ պնդում են, որ դա ինքնասպանություն է և կապ չունի Քալանթարյանի արարքների հետ: Իսկ նրա հարազատ եղբայրը` Փայլակ Հայրապետյանը համոզված է, որ կատարվածը պատահականություն է: Դեպքի հետ կապված «Հրապարակ»-ը զրուցեց նրա հետ:
– Պարոն Հայրապետյան, մամուլում գրվեց, որ Ձեր եղբոր հետ տեղի ունեցածը գուցե ինքնասպանություն չէ: Ինչպե՞ս է տեղի ունեցել դա, կպատմե՞ք: Ի՞նչը, ըստ Ձեզ, կարող էր 70 տարեկան մարդուն դրդել ինքնասպանության:
– Այո, ես դեպքից հետո եղել եմ այնտեղ, և ինքնասպանության ոչ մի հարց չկա: Նա այնքան էր սիրում ինքն իրեն, իր ընտանիքը: Նա ունի սուրբ ընտանիք, սուրբ երեխաներ, նա ունի սուրբ թոռներ, նա ապրում էր բարձր մակարդակի վրա: Առիթը չկար, որ նա ինքնասպան լիներ, այդպիսի առիթ գոյություն չուներ: Բայց իր մոտ մի սխալ բան ուներ: Ինչպե՞ս է, որ հեռախոսն ամբողջ օրը մեր ձեռքին է, այնպես էլ նրա մոտ իր զենքն էր ամբողջ օրը ձեռքին: Նստած է եղել, զենքը քանդել է, ինձ թվում է` հավաքելու ժամանակ փողի մեջ փամփուշտ է մնացած եղել, և հենց դա էլ կրակվել ա:
– Այսինքն` Դուք կարծում եք, որ դա զուտ պատահականությո՞ւն է:
– Այո, զուտ պատահականություն, ես կասեի`շատ պատահականություն: Նա ինքնասպան լինելու ոչ մի պատճառ չուներ: Չորս երեխա ուներ, չորսն էլ սուրբ, բոլորն էլ ամուսնացած: Ինքն ապրելու մեջ շատ ճոխ էր: Իր ապրելակերպն այսօր շատ քիչ մարդ կարոդ է ունենալ: Ոչ թե եսիմինչ` լկտի ձևով էր ապրում, այլ ամենաբարոյական կյանքով: Դրա առիթը չկար:
– Իսկ ինչո՞ւ էր զենքը միշտ մոտը պահում: Վախի զգացողությո՞ւն ուներ: Պաշտպանվո՞ւմ էր ինչ-որ մեկից:
– Չէ, պարզապես սովորություն էր, սեր զենքի հանդեպ:
– Իսկ գուցե թշնամիներ ուներ, խնդիրներ: Խոսվում է նաև, որ կարող էր կապված լինել Հովիկ Մանուկյանի սպանության հետ:
– Չէ-չէ: Նման բանի համար պետք էր, որ տունը մարդ մտած լիներ, բայց տան ամբողջ տարածքը տեսահսկվում է, կամերաներ են տեղադրված: Բացառվում է, որ այդ տուն մարդ մտած լիներ: Ինքն այդ օրը գործի տեղից գնացել ա տուն, ընկերոջ հետ ճաշել են, հետո դուրս է եկել, նրան ճանապարհել է, ապա կնոջից սուրճ է ուզել ու գնացել իր սենյակ` շորերը փոխելու: Նստել է, երևի զենքը վերցրել է ձեռքը, քանի որ ինչ ժամի էլ գնայիր, զենքը ձեռքն էր, ու մաքրելուց պատահաբար կրակել է: Նա այդպես էլ մնացել էր նստած տեղը: Դա պատահականություն է:
– Իսկ գուցե պարտքեր կամ գումարային խնդիրներ ուներ:
– Չէ, ինչե՞ր եք ասում: Նա չէր կարող պարտքեր ունենալ: Նա շատ լավ, ապահովված կյանքով էր ապրում:
– Գրվեց նաև, որ Ձեր եղբոր ինքնասպանությունը կապված է Աշոտ Սուքիասյանի` Ձեզ սնանկացնելու փորձի հետ:
– Ոչ, դա բացառված է: Այս գործի հետ ոչ մեկը, բացի ինձանից, կապ չունի: Ոչ Միշան, ոչ իմ տղաները, ոչ իմ թոռները, ոչ իմ բարեկամները, բացարձակապես ոչ մեկը կապ չունի իմ խնդիրների հետ: Ես բոլորին հեռու եմ պահել այս գործից: Բոլորին էլ ասել եմ` իմ ստեղծածն է, ես եմ տարիների ընթացքում ստեղծել էս ամեն ինչը, իմ համաձայնությամբ է եղել դա, ես եմ գրավ դրել այդ ամենը և ես էլ կլուծեմ էս խնդիրը, չի ստացվի` թող կորի, ինչ է եղել որ: Միշան, առավել ևս նրա ինքնասպանությունը, կրկնում եմ, ոչ մի կապ չունի այդ գործի հետ, դա բացառված է:









































