Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Յուվենթուս»-ի մարզիչ Կոնտեն որակազրկվելու է, շատերի համար խնդրահարույց է, թե արդյոք թուրինյան թիմը կմնա նույն մակարդակի վրա առանց Կոնտեի: Այս հարցի շուրջ իր տեսակետն է հայտնել իտալական թիմի և Իտալիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Մարչելո Լիպին:
«Արդյո՞ք «Յուվենթուս»-ը կթուլանա. ես այդպես չեմ կարծում: Իհարկե, Կոնտեի ներկայությունը մեծ բան է թիմի համար, սակայն ամենակարևորը չէ: Կարևորագույնն այն է, որ թիմը կատարի իր շաբաթական աշխատանքը: Լավ է, որ նրան ավելի երկար ժամանակով չեն որակազրկել: Ես ճանաչում եմ Անտոնիոյինʽ որպես շիտակ ու պարկեշտ անձնավորության. չեմ կարծում, որ այն, ինչ նա արել է, սխալ է»,- ասել է Լիպին:
Մասնագետը խոսել է նաև «Յուվենթուս»-ի՝ այս տարվա հնարավորությունների մասին:
«Իտալիայում «Յուվենթուս»-ը կլինի ակնառու հավակնորդ: «Նապոլի»-ն ևս աճում է, «Ինտեր»-ը կորցրել է դիրքերը, իսկ «Միլան»-ը, չնայած շատ ֆուտբոլիստների տրանսֆերները վաճառելուն, ոչ մի նոր խաղացող ձեռք չի բերել: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, այժմ Եվրոպայում կան երկու գլխավոր հավակնորդներ՝ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, կա նաև գրանդ ակումբների խումբ, որը հետևում է նրանց, իսկ «Յուվենթուս»-ը շատ մոտ է կանգնած այդ ակումբներին»,- ասել է Լիպին:







































