Ֆերնանդո Տոռեսը վստահ է, որ Դիդիե Դրոգբայի՝ Լոնդոնի «Չելսի»-ից հեռանալուց հետո ինքը կարող է դառնալ անգլիական ակումբի հարձակման առաջատարը: 28-ամյա ֆուտբոլիստը, որի` «Չելսի» տեղափոխության համար ակումբը վճարեց 50 միլիոն եվրո, այժմ ապացուցելու շատ բան ունի:
«Ես սիրում եմ պատասխանատվություն կրել. դրանից է կախված իմ ողջ կյանքը: Դիդիեն շատ բան արեց թիմի համար՝ խփելով հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Նա էր մեզ ոգեշնչում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, և ես խոսեցի իր հետ, երբ նա որոշեց հեռանալ «Չելսի»-ից: Նա ինձ մաղթեց ամենայն բարիք: Հուսով եմ, որ երկրպագուները մի օր ինձ այնպես կհիշեն, ինչպես հիմա Դրոգբային»,- խոստովանել է Տոռեսը:






































