Հարգելի´ օլիմպիականներ, մարզիչներ , մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսևորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը:
Սիրելի´ մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի , Օրհներգի և Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:
Նախորդ տարիների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր արժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը:
Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին:
Արդարացրեք սպասելիքները:
Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ: