Մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության փլեյ օֆֆ փուլը: «Սելթիկ» – «Յուվենթուս» դիմակայության առաջին մրցավեճը տեղի է ունենալու Շոտլանդիայում: Իտալական ակումբի ֆուտբոլիստները շարունակում են վստահ ելույթներն Ա Սերիայում: Անտոնիո Կոնտեի սաները երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլի»-ին գերազանցում են 5 միավորով, իսկ ՉԼ խմբային փուլի վերջին 3 խաղերում «Յուվե»-ն նույնքան հաղթանակ է տոնել, ընդ որում՝ սեփական դարպասը պահելով անառիկ:
«Սելթիկ»-ն իր հերթին գլխավորում է Շոտլանդիայի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ու մոտակա հետապնդող «Ինվերնես»-ին գերազանցում է 18 միավորով: Երկրի ներքին առաջնության վերջին 9 հանդիպումներում թիմն 9 հաղթանակ է տարել: Խմբային փուլում «Սելթիկ»-ը սեփական հարկի տակ պարտության էր մատնել կատալոնական «Բարսելոնա»-ին՝ 2:1 հաշվով, իսկ G խմբի արգելքը հաղթահարել երկրորդ տեղով: Նիլ Լենոնի թիմն ամբողջությամբ պատրաստ է մրցավեճին: «Սելթիկ»-ի կազմում վնասվածք ստացած խաղացողներ չկան:
Նիլ Լենոն. «Մենք հաղթահարել ենք խմբային փուլի արգելքը՝ վաստակելով 10 միավոր: Մենք երկրպագուներին երազելու և մեզ հավատալու հնարավորություն ենք տվել: Խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա փոխանցելու խնդիր չկա, քանի որ նրանք գւտեն՝ ինչ դիմակայություն է սպասվում: Նրանք հասկանում են՝ որքան ուժ են ներդրել այս փուլ հասնելու համար»,- Լենոնի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Անտոնիո Կոնտե. «Մենք երազում էինք վերադառնալ Չենպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ, իսկ հիմա ցանկանում ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ: Կոնկրետ խնդիր չենք դրել մեր առաջ՝ կապված մցաշարում առաջ շարժվելու հետ, քանի որ չենք ցանկանում արհեստական կաղապարներ ստեղծել մեզ համար: «Սելթիկ»-ը հարգանքի է արժանի և թերագնահատելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Նրանք, ինչպես և փլեյ-օֆֆի բոլոր թիմերը, ցանկանում են հնարավորինս առաջ շարժվել:
Նրանք շատ լավ են պատրաստված ֆիզիկապես, բազմաթիվ գոլեր են խփում ստանդարտ դիրքերի խաղարկումների արդյունքում: Նրանց ամենամեծ առավելությունը սեփական մարզադաշտում խաղն է, որտեղ գործում է նաև 12-րդ խաղացողը»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը:
«Սելթիկ»-ն ու «Յուվենթուս»-ը միմյանց դեմ պայքարել են 4 անգամ: Թիմերից յուրաքանչյուրը տոնել է 2 հաղթանակ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2001թ.՝ ՉԼ խմբային փուլում՝ «Սելթիկ Պարկ»-ում: Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով ՝ 4:3 հաշվով: Շոտլանդական ակումբը ՉԼ-ում վերջին 23 տարիներին սեփական հարկի տակ ընդամենը 2 պարտություն է կրել, ընդ որում՝ 2 անգամ զիջել է կատալոնական «Բարսելոնա»-ին: Իսկ ահա թուրինյան ակումբը ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում պարտություն չի կրել և բաց է թողել ընդամենը 4 գնդակ: «Յուվե»-ն Մադրիդի «Ռեալ»-ի հետ հանդիսանում է ՉԼ-ում ամենաշատ հարվածներ կատարած թիմը (126-ական հարված): Իտալական ակումբը եվրագավաթների խաղարկություններում վերջին անգամ պարտվել է 2010թ. մարտի 18-ին՝ 1:4 հաշվով:







































