Ամերիկյան Deadline պարբերականի տվյալներով՝ Հոմերոսի էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում:
Նախագիծը մշակվում է հունական Tanweer Productions, ամերիկյան Tectonic պրոդյուսերական և ամերիկա-հայկական USATV ընկերությունների համատեղ ջանքերով։ «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կարլ Գայդուսեկը հանդես կգա որպես նախագծի գլխավոր պրոդյուսեր (շոուրաներ)։
Նախագծի ստեղծողները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր և ավելի իրատեսական մեկնաբանություն։ Նրանց խոսքով՝ սերիալը կներկայացնի բրոնզե դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով, գոյատևման պայքարով, ինչպես նաև այն պատմական գործընթացներով, որոնք հանգեցրել են բրոնզե դարի անկմանը։
Սերիալն արդեն մի քանի տարի է, ինչ մշակվում է, իսկ նկարահանումները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում։ Հեղինակները հույս ունեն, որ նախագիծը կարող է հիմք դառնալ ավելի մեծ սերիալային ֆրանշիզի (կամ տիեզերքի) համար։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռոել Ռեյնեն, ով նախկինում աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են «Վաշինգտոնը», «Սև առագաստները», «Հեյլոն» (Halo) և «Վուի մարդասպանները»։
Գործադիր պրոդյուսերների թվում են USATV-ից Վահագն Սարգսյանն ու Ջորդան Դիկստրան, ինչպես նաև Դենիսա Ջուհոշը, Կարլ Գայդուսեկը, Շոն Ֆիննեգանը, Սքոթ Վինդհաուզերը, Նոա Լանգը, Բլեյք Հոուսը, Ռոել Ռեյնեն և Tanweer Productions-ից Դիոնիսիս Սամիոտիսը։
«Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրատեսական ու պատմականորեն ճշգրիտ կերպով։ Հոմերոսի էպոսում Ոդիսևսի ճանապարհորդությունն ունի խորհրդանշական նշանակություն, բայց այն նաև հիմնված է իրական մարդկային փորձառությունների, ընտրությունների, կորուստների և հաջողությունների վրա»,- ասել է Գայդուսեկը։










































