Ապրանքանիշն ամփոփել է ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները. հասույթն աճել է 5%-ով և կազմել 455 մլն ֆունտ ստեռլինգ:
Burberry-ն ամենամեծ աճը գրանցել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում (+12%) և Չինաստանում (+9%), որտեղ պահանջարկի հիմնական շարժիչ ուժը դարձել է զումերների սերունդը։ Ըստ հրապարակված զեկույցի՝ 1997-ից 2012 թվականներին ծնվածներն այլ սերունդների համեմատ ամենաշատն են գնել բրիտանական ապրանքանիշի արտադրանքը:
Ամենահաջողված նախագծերից մեկը բրենդի հոբելյանին նվիրված «Portraits Of An Icon» արշավն էր: Դրա մեկնարկից հետո վերնահագուստի նոր գնորդների թիվն աճել է 19%-ով, իսկ ֆիրմային տրենչները, շարֆերն ու պայուսակները կրկին դարձել են գլխավոր բեսթսելլերները:
Վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ Burberry-ն վաճառքի աճ է գրանցել բոլոր առանցքային կատեգորիաներում՝ կանացի և տղամարդու հագուստ, աքսեսուարներ և մանկական տեսականի: Բացի այդ, ընկերությունն արձանագրել է կանացի պայուսակների պահանջարկի վերականգնում, որոնց վաճառքը վերջին սեզոններին նվազում էր:









































