Ամերիկյան Փոփ-երաժշտության թագուհի Մադոննան, ի պաշտպանություն իր նոր` MDNA ալբոմի, շրջագայում է 26 երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, որտեղ «Օլիմպիյսկայա»-ում նրա հետ բեմ է բարձրանալու 11-ամյա որդին` Ռոկկոն:
Շրջագայության շրջանակներում Մադոննան արդեն հանդես է եկել Լոնդոնի Hyde Park-ում, Ֆրանսիայի ամենամեծ մարզադաշտում` Stade De France-ում, ուր հանդես է եկել 80 հազար երկրպագուի առաջ, 2 համերգ է ունեցել Բեռլինի բազմահազարանոց O2 Arena-ում: Եվ բացի այս ամենը՝ Մադոննան վերադառնում է Հրվ. Ամերիկա և Ավստրալիա, որտեղ ելույթ չէր ունեցել ավելի քան 20 տարի:
Հատուկ մոսկովյան համերգի համար հինգ օրվա ընթացքում մարզահամալիրում մոնտաժվելու են հատուկ դեկորացիաներ` շարժական և բազմաշերտ 18 բեմական ձևավորում փոխարինելու են մեկը մյուսին: Մոսկվա է ուղարկվել 400 տոննա սարքավորում, որից միայն 80 տոննան նախատեսված է համալիրի առաստաղից կախելու համար: Մադոննայի հետ Մոսկվա են ժամանելու շուրջ 100 երաժիշտ ու պարող, ինչպես նաև 400 հոգանոց աշխատակազմ:
Հանդիսատեսն ականատես կլինի հզոր շուի, որտեղ նրանց սպասում են հատուկ էֆեկտներ, կրկեսային համարներ, վիդեոինստալիացիաներ, և ինչպես կազմակերպիչներ են նշում, բեմում մի քանի անգամ հայտնվելու է Մադոննայի 11-ամյա որդին:
Երկրպագուները հնարավորություն կունենան լսելու երգեր նրա նոր ալբոմից` Girls Gone Wild, Revolver և այլն, ինչպես նաև հայտնի հիթեր: Հատուկ Մադոննայի համերգի համար ստեղծվել է նաև երկրպագուների գոտի՝ «Կանաչ եռանկյունի» անվանումով, որի շնորհիվ 200 հանդիսատես ոչ միայն շատ մոտ կգտնվի փոփ-թագուհուն, այլ նաև կգտնվի շուի կիզակետում: Նշվում է նաև, որ այդ 200 երջանիկներն ընտրվելու են հանդիսատեսի միջից՝ պատահականության սկզբունքով:









































