Հնդկաստանի գերագույն դատարանը զբոսաշրջիկների համար փակել է ազգային այգիները, որտեղ բնակվում են բենգալյան վագրերը: Հայտարարվել է նաև այն մասին, որ հնդկական այն նահանգների իշխանությունները, որոնք մինչ օրս բուֆերային գոտիներ չեն ստեղծել վագրերի բնակության վայրերի շուրջ, լուրջ պատիժ կկրեն: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Վագրերի բնակության վայրերում գործում են հարյուրավոր հյուրանոցներ ու խանութներ, որոնք հնդկական այդ շրջանները գրավիչ են դարձնում զբոսաշրջիկների համար: Արգելքը ժամանակավոր բնույթ է կրում, քանի դեռ վերջնական որոշում չի ընդունվել վայրի բնության պաշտպանների հայցի կապակցությամբ: Վերջիններս պահանջում են կոմերցիոն գործունեությունը տեղափոխել վագրերի բնակության վայրերի սահմաններից դուրս:
Կատվազգիների բնակության վայրերում զբոսաշրջության արգելքը հարուցել է տուրօպերատորների դժգոհությունը:









































