Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ գովասանքի խոսքեր է հասցեագրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Մեսսին, մասնավորապես, նշել է, որ տակտիկական գրագիտություն է ձեռք բերել Խոսեպ Գվարդիոլայի` «Բարսելոնա»-ն գլխավորելուց հետո:
«Պեպն իմ կարիերայում մեծ դեր է խաղացել: Նրա ղեկավարության ներքո ես մեծ առաջընթաց ապրեցի, մանավանդ` տակտիկայի հետ կապված հարցերում: Մենք մի քանի տարի աշխատել ենք Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ, սակայն նման զգալի արդյունքներ չենք գրանցել:
Գվարդիոլային կարճ ժամանակահատվածում հաջողվեց փոխել ամեն ինչ: Ես նրանից շատ բան եմ սովորել: Ներկայումս մարզչական գործունեությամբ զբաղվելու նպատակ չունեմ, բայց ապագայում ամեն ինչ կարող է լինել: Այդ ժամանակ ինձ պետք կգան ձեռք բերած գիտելիքները»,- հայտարարել է Մեսսին:







































