ՀՀԿ քայլը՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում սատարել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, միանգամայն հասկանալի, սպասելի և տրամաբանական դիրքորոշում է՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններին Գյումրիում Հանրապետական կուսակցության ունեցած արդյունքներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու հանգամանքին:
«ՀՀԿ այս քայլը բխում է այն իրողությունից, որ Գյումրիում Հանրապետականն ընտրություններին զիջել է ԲՀԿ-ին: Բացի այդ, հաշվի առնելով, որ Սամվել Բալասանյանը իր քաղաքական ոճով միշտ ականջալուր է եղել բարձրագույն իշխանության պահանջներին, ՀՀԿ-ն կանաչ լույս է վառում նրա ճանապարհին՝ Գյումրիում սեփական թեկնածու չառաջադրելով»,- ասաց նա:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, անկախ նրանից՝ ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի ԲՀԿ-ն, Սամվել Բալասանյանը, որպես Գյումրիի քաղաքապետ, նախագահական ընտրություններին հաստատ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Կարծում եմ՝ նման պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերվել»,- ասաց նա:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հուլիսի 21-ին հրաժարական էր տվել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չէր պատասխանել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր առաջադրման մասին հարցին: «Կապրենք, կտեսնենք»,- ասել էր նա:
Վարդան Ղուկասյանը հրաժարական էր տվել, քանի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել են առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:








































