Ուրբաթ երեկոյան Բրունեյի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով սուլթանության պաշտպանության նախարարությանը:
Զոհերի թվում հիմնականում կուրսանտներ են, որոնք վարժանքներից վերադառնում էին տուն՝ մայրաքաղաք Բանդեր Սերի Բեգավան: Վիրավորվել է 2 մարդ, ևս երկուսի ճակատագիրն անհայտ է:
Bell 212-ի կործանման պատճառները չեն հաղորդվում: Աղետը տեղի է ունեցել Ուլու Բելայթ գյուղական բնակավայրում:
Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը «հսկայական թախիծ» է արտահայտել կատարվածի կապակցությամբ և հիվանդանոցում այցելել վիրավոր կուրսանտներին: Տեղի ԶԼՄ-ները ուղղաթիռի կործանումն անվանում են ազգային ողբերգություն, որը տեղի է ունեցել սրբազան ամսի՝ Ռամադանի նախօրեին:









































