ԼՂՀ Մարտունու շրջանի 1/1 ընտրական տեղմասում այսօր միջադեպ է տեղի ունեցել: Սկզբում հաղորդվեց, որ բռնություն է գործադրվել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձանցից մեկի նկատմամբ: Տուժածը բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ըստ տեղեկությունների՝ նրան քաշքշել և հարվածել էին Բակո Սահակյանի կողմնակիցները:
Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սկզբում տուժածը բողոքել է, սակայն հետագայում հետ է վերցրել բողոքը:
Մեզ հաջողվեց ճշտել, որ ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո տուժածը հետ է կանգնել իր բողոքից, այնուհետև ոստիկանները նրան ուղեկցել են տուն:
Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Վիտալի Բալասանյանի` բռնության ենթարկված վստահված անձը փորձել է ընտրակաշառք բաժանել ԼՂՀ գյուղերից մեկում` այդ պատճառով էլ նրան տարել են ոստիկանական բաժանմունք: